Իրավիճակը մեզ դրդում է է՛լ ավելի ամրապնդել մեր փոխգործակցությունը. ՀՀ–ում ՌԴ դեսպան

ՌԴ դեսպանը Փաշինյանի մոսկովյան այցի կարևոր արդյունք է համարում դաշնակցության հաստատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի, Sputnik․ ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևոր է համարում ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքները:
«Կարծում եմ, որ այցի կարևորագույն արդյունքներից մեկը հաստատումն էր, որ մեր հարաբերությունները եղել են, կան և մնալու են դաշնակցային, որ դրանք ուղղված են ապագային»,-ասել է Կոպիրկինը լրագրողներին։
Նա նշել է, որ երկու կողմից բարձր գնահատական է տրվել այցին, այդ թվում՝ երկրի ղեկավարների կողմից։
«Այդ այցի գլխավոր ցուցիչներից է դրա արդյունքում մեր առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությունը՝ ժամանակակից աշխարհի, տարածաշրջանի առանցքային խնդիրների, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մեր երկրների դիրքորոշումների շատ հանգամանալից շարադրմամբ»,-ասել է դեսպանը։
Արցախյան հակամարտությունը` մրցակցային հարթակ. ո՞վ է կարևոր դեր խաղալու խնդրի լուծման համար
Նրա կարծիքով՝ ստեղծված բարդ իրավիճակը, որը պայմանավորված է նաև ՌԴ-ի դեմ սանձազերծված պատժամիջոցային պատերազմով, անշուշտ, լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ է ստեղծում, բայց այն նաև համագործակցության, ինտեգրացիոն նախագծերի խորացման հնարավորություններ է բացում։
«Ես կարծում եմ, որ այս համատեքստում պետք է դիտարկել այն նախագծերը, որոնք հայտարարվել էին ավելի վաղ։ Ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչու այն փոխադարձ հետաքրքրությունը, որն ունեն մեր երկրների բիզնեսները, հիմա պետք է թուլանա։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ իրավիճակը մեզ դրդում է է՛լ ավելի ամրապնդել մեր փոխգործակցությունը»,-նշել է Կոպիրկինը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ապրիլի 19-ին մեկնել էր ՌԴ։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ապա Փաշինյանը մեկնել էր Նիժնի Նովգորոդ։