ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան մշակել են համատեղ հռչակագրի նախագիծ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ թուրք լրագրողներին տված հարցազրույցում։
«Այս պահին կա համապարփակ տեքստ, որը քննարկում են բանակցողները: Բացի այդ, առաջնորդների միջև կուլիսային կապեր են գործում: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացում կա նաև համատեղ հռչակագրի նախագիծ»,- ասել է նա։
Միաժամանակ, Չավուշօղլուն ասել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնեն Պուտինը և Զելենսկին։
Հիշեցնենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդական ջանքեր գործադրելու` իր պատրաստակամության մասին։ Մինչդեռ Թուրքիայում երկու պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։
Մոսկվան հայտարարել է, որ Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։