Լեհաստանը պատրաստ է աջակցել խնդիրների լուծմանը. ՀՀ ԱԽՔ-ը հանդիպել է փոխարտգործնախարարի հետ

Կողմերն ընդգծել են հայ-լեհական բազմոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

«ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայում ԵԱՀԿ նախագահող երկիր, և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։
Երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Վարշավայում նա արդեն հանդիպել է նաև Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ։