Ալիևը որոշել է ՀՀ–ի հետ խաղաղ պայմանագրի հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակության կազմը

Զրույցը կայացել է եվրոպական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը:
Այս մասին նա հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։
«Մեր առաջարկած 5 սկզբունքները պետք է ընդունվեն». Ալիևը` ՀՀ–ի «վերջին հնարավորության» մասին
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների նախապատրաստման մասին:
Ալիևը Միշելին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, տրանսպորտի և կապուղիների բացման նկատմամբ մշտական ուշադրության համար:
Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ կշարունակի իր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: