«Ճշմարտության հատիկ չկա». Պեսկովը՝ Մարիուպոլի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ պետք է հիմք ընդունել միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որտեղ ասվում է, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ապատեղեկատվություն» է տարածում Մարիուպոլի իրավիճակի մասին, ճշմարտության հատիկ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
«Այդ հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա։ Մենք առաջարկում ենք բոլորին կողմնորոշվել այն տեղեկատվությամբ, որը երեկ տրամադրվել է պաշտպանության նախարարության կողմից, որը զեկուցել է պաշտպանության նախարար Շոյգուն (Սերգեյ,–խմբ.) նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ»,– ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ վերջին երկու օրերի ընթացքում 14-16 ժամ լռության ռեժիմ է հայտարարվել, դադարեցվել են բոլոր մարտական գործողությունները, բացվել են հումանիտար միջանցքներ խաղաղ բնակիչների ելքի համար, որոնք կարող են գտնվել «Ազովստալի» տարածքում, սակայն առայժմ Մարիուպոլի գործարանից ոչ ոք դուրս չի եկել:
Կրեմլը չի մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը. Պեսկով
Ավելի ուշ, ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը դեռ պահում են Մարիուպոլը: Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ Մարիուպոլի քաղաքային մասը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ, ամերիկացի պաշտոնյան ապատեղեկատվություն է անվանել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։