Տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում ՀՀ և ՌԴ մոտեցումները նույնական են. Փաշինյան

Վարչապետն իր խոսքում վերահաստատեց Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղու և ավտոճանապարհների կառուցման պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստը սկսեց ապրիլի 19-20–ը ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների ներկայացմամբ` այն գնահատելով «արդյունավետ»։
«Բնականաբար, առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերվող հարցերը։ Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրելով ՀՀ և ՌԴ մոտեցումների նույնականությունը»,– ասաց Փաշինյանը, հավելելով, որ այդ հարցում Հայաստանի մոտեցմանը նույնական են նաև միջազգային գործընկերների մոտեցումները։
Վարչապետն իր խոսքում վերահաստատեց Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղու և ավտոճանապարհների կառուցման պատրաստակամությունը։

«Հույս ունեմ` այս հարցով զբաղվող եռակողմ հանձնախումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մանակցությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել»,– ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ապրիլի 19-ին մեկնել էր ՌԴ։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հանդիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ապա Փաշինյանը մեկնել էր Նիժնի Նովգորոդ։