«Տակառները վերև չեն գլորվում». Դավթյանը՝ Հակակոռուպցիոնի հետ տարաձայնությունների մասին

Արդեն երկար ժամանակ քննարկվում է, որ Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության ջրերը մի առվով չեն հոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեների հետ տարաձայնությունների մասին լուրերը անլուրջ է համարում։ Այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Գլխավոր դատախազության փոխհարաբերություններն այլ մարմինների հետ հստակ սահմանված են օրենքով։ Եթե մեր պահվածքը կամ գործողությունները ոմանց դուր չեն գալիս, ու նրանք այդ մասին բարձրաձայնում են, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Գլխավոր դատախազությունը վերևում է, իսկ տակառները վերև չեն գլորվում»,- ասաց նա։
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 մլրդ դրամի վնաս
Արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի միջև իսկական «սառը պատերազմ» է ընթանում։
Պատճառը նախկին բարձաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված մի քանի աղմկահարույց գործերն են։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է գործերը, ապա դրանք փոխանցում է դատախազություն՝ հաստատման ու դատարան ուղարկելու համար։ Սակայն վերջին օրերին երեք անգամ դատախազությունը գործերը հետ է ուղարկել։ Խոսքը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի գործերի մասին է։