ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում հինգ օր առաջ հացադուլ սկսած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանի ու Արթուր Ավագյանի կազմակերպած ստորագրահավաքին արդեն 1000 մարդ է միացել: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը:
«Երեկ երեկոյան ենք սկսել ստորագրահավաք անել, և արդեն 1000 անձ է ստորագրել, ինչը նշանակում է, որ նրանք միանում ենք մեզ և պատրաստ են ինչ-որ գործողությունների դիմել: Արթնանալու կոչ է սա, և մարդիկ, որոնք ստորագրել են, հաստատում են՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում»,-ասաց Նվերը:
Նրա խոսքով՝ գաղափարի շուրջ լուրջ հետաքրքրվածություն կա, և համոզված են, որ հասարակության մեջ շատերը գիտակցության են անտարբերության աղետալի հետևանքները:
Նվերը հայտնեց նաև, որ իր և Արթուրի ինքնազգացողությունը լավ է, և օրական երկու անգամ բուժզննում են անցնում:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։