«Ռոսավիացիան» խորհուրդ է տվել փոխադրողներին պատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը

ԱՄՆ-ում պատժամիջոցների շրջանակում դիտարկում են GPS նավիգացիոն համակարգից Ռուսաստանին անջատելու հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի-Sputnik. «Ռոսավիացիան» խորհուրդ է տվել փոխադրողներին պատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը։ Տեղեկությունը հայտոնւմ է «Իզվեստիա» թերթը:
«Ռուսաստանի ավիաշխանությունը խնդրել է փոխադրողներին պատրաստվել առանց GPS-ի թռիչքներին։ «Ռոսավիացիայի» ղեկավարի տեղակալ Դմիտրի Յադրովը նման հանձնարարականներով նամակ է ուղարկել «Օդային տարածքի օգտագործման պետական կորպորացիայի» գլխավոր տնօրեն Իգոր Մոիսեենկոյին ու գործակալության միջտարածաշրջանային տարածքային վարչությունների պետերին: Նրանք այն հասցեագրել են ավիաընկերությունների ղեկավարներին», - նշված է պարբերականի հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ «Ռոսավիացիան» հանձնարարել է պետական կորպորացիային՝ աջակցություն ցուցաբերել օդանավերի անձնակազմերին GPS-ի անջատման ժամանակ: Օդաչուները պետք է անհապաղ տեղեկացնեն ավիադիսպետչերներին «խափանումների, վատթարացման ու GPS-ի անոմալ աշխատանքի» մասին:
Փոխադրողները պետք է գնահատեն այն ռիսկերն ու սահմանափակումները, որոնք կապված են GPS ազդանշանն օգտագործող նավիգացիոն սարքերի ու բորտային համակարգերի խափանումների հետ և թռիչքային կազմի հետ լրացուցիչ պարապմունքներ անցկացնեն արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումների առաջացման դեպքում գործողությունների մշակման համար:
«Նամակի համաձայն՝ թռիչքների պլանավորման փուլում անձնակազմերը պետք է պատրաստ լինեն արբանյակային ազդանշանի կիրառման հետ չկապված վայրէջքի ու թռիչքի ստանդարտ ընթացակարգերի կատարմանը և դրանց կողմից օդային նավիգացիայի կրկնօրինակ միջոցների օգտագործմանը: Օդաչուներին խորհուրդ է տրվում վերահսկել ինքնաթիռների դիրքը ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ մի շարք շրջանների անմիջական մերձակայքում թռիչքները կատարելիս, ստուգել ռադիոտեխնիկական միջոցների հասանելիությունը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն տվյալ երթուղով թռիչքի և վայրէջքի գնալու համար», - գրում է թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների շրջանակում դիտարկում են GPS նավիգացիոն համակարգից Ռուսաստանին անջատելու հնարավորությունը: «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ տեխնիկապես շատ դժվար է անջատել Ռուսաստանը GPS-ից, GLONASS ազգային համակարգը կապահովի նավիգացիոն ազդանշանի գլոբալ ճշգրտությունը: