ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցն այսօրվա դրությամբ չի քննարկվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ այդ հարցը դեռ կարող է հայտնվել բանակցությունների սեղանին, բայց դրա ժամանակը դեռ չի եկել։
«Ածխի ու նավթի թեմայով արդեն բանակցություններ են ընթանում, գազի հարցով՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե ինչ հսկայական դժվարություններ է դա առաջացնում։ Այդ պատճառով դուք արդեն երկար տարիներ լսում եք, որ ես խոսում եմ Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանության մասին», - ասել է Մակրոնը․
Ֆրանսիայի նախագահն ավելացրել է, որ ամեն օրը, երբ Ռուսաստանը որոշում է անցնել նոր ռազմական, դիվանագիտական կամ մարտավարական մակարդակի, «նվազեցնում է բնականոն կյանքին վերադառնալու նրա հնարավորությունները» և նվազեցնում է տևական խաղաղություն կառուցելու Եվրոպայի ունակությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 58-րդ օրը։