Պուտինը ԵՄ ներկայացուցիչների անպատասխանատու հայտարարությունների մասին է խոսել Միշելի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Շառլ Միշելն ապրիլի 20-ին այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրա ուշադրությունը հրավիրել է ԵՄ ներկայացուցիչների անպատասխանատու հայտարարությունների վրա՝ Ուկրաինայում իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուշադրություն է դարձվել ԵՄ ներկայացուցիչների՝ Ուկրաինայի իրադրությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին անպատասխանատու հայտարարություններին, ինչպես նաև ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ ռազմական հանցագործությունների անտեսմանը: Նշվում է, որ Բրյուսելը կարող էր ազդել Կիևի իշխանությունների վրա, որպեսզի ստիպեր նրանց դադարեցնել Դոնբասի բնակավայրերի զանգվածային գնդակոծումները և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵՄ երկրների մեծ մասի ղեկավարությունն աջակցում է ռուսատյացությանը, որը դրսևորվում է, օրինակ, մշակութային-հումանիտար և սպորտի ոլորտներում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։