ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ հավելելով, որ Փաշինյանն ընդունել է Կլաարին:
«Վարչապետը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ Կլաարը հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: