ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Շառլ Միշելը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը:
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: