Միրզոյանն ու Կլաարը քննարկել են գերիների հայրենադարձման հարցը

Կլաարի հետ ՀՀ արտգործնախարարի հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը՝ հավելելով, որ Միրզոյանն ընդունել է Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին:
Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Կլաարին ընդունել էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
Փոխվարչապետը ներկայացրել էր ՀՀ դիրքորոշումը, կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք: