ՌԱԴԻՈ

Կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները Հայաստանում թերի են գործում. Ատովմյան

Հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, վերջին շրջանում ի հայտ եկած կոռուպցիոն դրսևորումներին և այդ երևույթի դեմ պայքարի ռազմավարությանը։
Sputnik
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա համալիր կերպով, մինչդեռ մեզ մոտ տարիներ ի վեր տեսանելի չէ որևէ տեղաշարժ հակակոռուպցիոն կրթության բնագավառում, ինչը մեծ բացթողում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
Նրա կարծիքով` մյուս կարևոր բաղադրիչը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներներին, որոնք Հայաստանում նույնպես թերի են գործում։ Մեզ մոտ առհասարակ ողջ պետական կառավարման համակարգը, ըստ փաստաբանի, արմատական վերափոխումների կարիք ունի, որովհետև այդ համակարգի տարբեր օղակներում արձանագրվել են լուրջ բացթողումներ թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ պաշտոնյաների բարեվարքության, թե խնդիրները հատկորոշելու և լուծումներ առաջարկելու տեսանկյունից։

«Խնդիրն այն է, թե ինչ է հասկացվում համակարգային կոռուպցիա անվան տակ, քանի որ կոռուպցիան սովորաբար ունենում է ապակենտրոնացված բնույթ, երբ առանձին արկածախնդիր պաշտոնյաներ ուղղակի իրենց նախաձեռնությամբ դիմում են ռիսկի, ինչ-որ մեկից կաշառք են վերցնում կամ կոռուպցիոն բնույթի այլ արարք են կատարում։ Նման դեպքում գործ ունենք «միայնակ գայլերի» հետ, սակայն այլ պարագաներում, երբ ի հայտ են գալիս կոռուպցիոն սխեմաներ, որոնցում ներգրավված են համեմատաբար շատ անձինք, այդ դեպքում արդեն գործ ունենք համակարգային կոռուպցիայի դրսևորման հետ»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործին` Ատովմյանն ընդգծեց` քանի որ տվյալ գործում ներգրավված են մի քանի անձինք, առկա են վերադաս-ստորադա հարաբերություններ, հետևաբար, ակնհայտ է համակարգային կոռուպցիոն բնույթ։
Փաստաբանի դիտարկմամբ` կենտրոնացված կոռուպցիան սովորաբար լինում է երկու աստիճանի, մի դեպքում` վերևից ներքև, երբ վերադասները վերցնում են գումարներն ու հետո որոշ մասը վերաբաշխում ստորադասների միջև, մյուս դեպքում` ներքևից վերև, երբ ստորին օղակների աշխատակիցները վերցնում են գումարներ ու հիերարխիկ ձևով դրանք հասցնում վերադասներին։ Ատովմյանը մատնանշեց նաև ավանդական դարձած՝ խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմների գործարկումը պաշտոնների նշանակման ժամանակ, ինչը հիմա էլ կա, և հավելեց, որ եթե հակակոռուպցիոն պայքարի ամբողջ համալիրն իր գործիքակազմով չի գործում, ապա հնարավոր չէ լուրջ հաջողություններ գրանցել։
8-ից դարձել է 20. ԱԻՆ-ի կոռուպցիոն քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է
Նշենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում ապրիլի 22-ին հայտարարեց, որ 2021 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1 698 անձի նկատմամբ, ինչը նախորդ տարվանից մոտ 300-ով ավելին է։ Այդ անձանցից մոտ 600-ը, ՀՀ գլխավոր դատախազի խոսքով, պաշտոնատար անձինք են։
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով համաժողովում հայտարարել էր, որ ՀՀ-ում այլևս համակարգային կոռուպցիա չկա։