Հնարավորինս շատ քարտեր եմ բացում. Փաշինյանը թվարկեց ԼՂ հարցում «նշաձողն իջեցնելու դեպքերը»

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցի լուծումն իր համար այն է, որ արցախցին ապրի Արցախում և իրեն զգա ղարաբաղցի, արցախցի և հայ: ԼՂ որևէ հանգուցալուծում, ըստ Փաշինյանի, որն այս պայմանները չի ապահովում, ընդունելի չէ իրենց համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարակուսանքն է արտահայտում այն հարցի առնչությամբ, թե շատերն ասում են՝ նշաձող իջեցնելու պահանջ նախկինում չի եղել: Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսեց այդ մասին՝ անդրադառնալով իր հայտարարությանը հաջորդած քննարկումներին:
«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016-ին ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ: Այս փաստաթղթի իմաստը ԼՂ կարգավիճակի հետաձգումն էր անորոշ ժամանակով: 2016-ի առաջարկություններում այդպիսի նշաձողի իջեցում էր նաև ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյանների արտապատվիրակելու հարցը: Ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նշաձող իջեցնելու հորդոր էր ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովը: Բացի այդ, ըստ վարչապետի, 1999-ի՝ ընդհանուր պետություն ունենալու գաղափարը նույնպես նշաձողն իջեցնելու մասին էր խոսում: Ավելին, 2001-ի քիվեսթյան և 2006-ի մադրիդյան սկզբունքները նույնպես նշաձողն իջեցնելու մասին են խոսում:
«Այն, որ փաստերի նշանակությունը թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել: Այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, նշանակում է՝ հանրության համար հաշվետու լինելը կարևորում եմ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հարցի լուծումն իր համար այն է, որ արցախցին ապրի Արցախում և իրեն զգա ղարաբաղցի, արցախցի և հայ: ԼՂ որևէ հանգուցալուծում, ըստ Փաշինյանի, որն այս պայմանները չի ապահովում, ընդունելի չէ իրենց համար:
Վարչապետը հավելեց՝ թույլ չեն տալու ցանկացած սադրիչ հայտարարություններ, որոնք խաղաղության օրակարգից շեղելու են, քանի որ խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է ՀՀ-ի և Արցախի ապագան:
Հիշեցնենք` ապրիլի 13–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Նա ասել էր` հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։