Հայաստանում բանկի կառավարիչը հաճախորդներից մեկից հափշտակել է շուրջ 29 մլն դրամ

Նախաքննական մարմինը հիշյալ անձի հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին հորդորում է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի 54-ամյա բնակիչը, հանդիսանալով ՀՀ–ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ, բանկի հաճախորդներից մեկին պատճառել է 28.901.500 ՀՀ դրամի գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Տղամարդը տեղեկացել է Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի բնակչի կողմից23.901.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար ունենալու մասին, նպատակադրվել է խաբեությամբ, տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել այն:
Նա բնակչին հրավիրել է իր աշխատասենյակ և ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն ապահովելու կեղծ խոստումով առաջարկել վերջինիս ունեցած գումարը տրամադրել իրեն, որից հետո շուրջ 2 ամիս որպես խոստացված եկամուտ վերջինիս փոխանցել է ամսական 750 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև տեղեկանալով, որ Երանոս գյուղի բնակիչը բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրել է 5.000.000 ՀՀ դրամ գումար, վերջինիս առաջարկել է բանկից ստանալ նշված գումարը և փոխանցել իրեն՝ խոստանալով ապահովել ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն: Սակայն, իր աշխատասենյակում առձեռն ստանալով նշված գումարը, բանկի կառավարիչը հափշտակել է այն, հիշյալ տղամարդուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 28.901.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն`առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Նախաքննական մարմինը հիշյալ անձի հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին հորդորում է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` լուսանկարում պատկերված տղամարդը «Հայէկոնոմ» բանկի Մարտունու մասնաճյուղի կառավարիչ Արարատ Խաչատրյանն է։