«Հայ–Ալմաստը» վերջապես կստանա կառավարության խոստացած գումարը, ադամանդի գործն առաջ կգնա

«Հայ-Ալմաստ» պետական ընկերությունը ստեղծվել էր ռուսական «Ալռոսայի» հետ համագործակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվող «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությունը ուշացումով կստանա կառավարության խոստացած պետական ֆինանսավորումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Փաշինյանը բանագնացներ է գործուղել ռուսաստանյան «Ալռոսա» ընկերություն
Բանն այն է, որ ընկերությանը 50 մլն դրամի չափով աջակցություն հատկացնելու որոշումն ընդունվել էր դեռ 2021թ–ի դկտեմբերի 9-ին` պայմանավորված Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, նրանց արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներ արտահանելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու և ոլորտում ներդրողներ ներգրավելու նպատակով։

«Ալռոսան» ցանկություն էր հայտնել Հայաստանում համագործակցել պետական մասնակցությամբ ընկերության հետ, և այդ նպատակով էլ հիմնադրվել էր «Հայ–Ալմաստ» պետական ընկերությունը։

Կառավարությունը ստեղծում է ադամանդագործության ոլորտի պետական «Հայ-Ալմաստ» ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկով` ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում ադամանդի արտադրության ու արտահանման ծավալները ՀՀ–ում տարեկան կհասնեն միջինը 150 մլն ԱՄՆ դոլարի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի, իսկ ոլորտում զբաղվածների թիվը` 5000-ի։