ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, տղաները հիվանդանոց են տեղափոխվել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով։
«Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար:
Ե՛վ Նվերի, և՛ Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ինչպես արդեն հայտնել ենք, անժամկետ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն մի քանի օր է ինչ Ազատության հրապարակում են, դադարեցրել են հացադուլը։
Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ հանրության գիտակցությանը հասցնեն այն, որ Արցախն իրոք վտանգված է և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։