ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային «Ցեզր» ինքնագնաց հրետանային կայանքներ մատակարարելու մտադրության մասին։ Ֆրանսիայի ղեկավարը նման հայտարարություն է արել Ouest-France-ին տված հարցազրույցում։
Նա չի հստակեցրել, թե Ֆրանսիան քանի միավոր ինքնագնաց հրետանային կայանքներ է պատրաստվում փոխանցել Ուկրաինային և ինչ ժամկետներում։ Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայում կվերապատրաստվեն 40 ուկրաինացի հրետանավորներ։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել է Ուկրաինային հակատանկային հրթիռային համակարգեր փոխանցելու մասին։
«Մենք շարունակում ենք Ուկրաինային մատակարարել զգալի քանակությամբ սպառազինություն՝ «Միլան» հրթիռային համակարգից մինչև «Ցեզր» հրետանային կայանքներ: Մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ չհատելով կարմիր գիծը և չդառնալով հակամարտող կողմ »,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էր հայտարարել, որ Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգ էր մատակարարել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։