Երևանում ապրիլի 23-ին և 24-ին փակ փողոցներ կլինեն. ոստիկանությունը ցանկ է հրապարակել

Փողոցները փակ կլինեն ջահերով երթի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ը պետական արարողակարգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։