ՌԱԴԻՈ

Դոլարն արժեզրկվում է. դա Հայաստանին օգու՞տ է, թե՞ վնաս

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գնալով նվազում է՝ վերջին 1,5 ամսում կրճատվելով 50 դրամով։ Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է դոլարի փոխարժեքի նվազման պատճառների մասին։
Sputnik
Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազումը մի քանի պատճառ ունի, որոնք նաև կապված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ։ Sputnik Արմենիայի եթերում Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը նշեց՝ դրա հետ կապ ունեն, օրինակ, վերջին 2 ամսում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիները, որոնք իրենց հետ դոլար էին բերել։
Ճզմաչյանը դոլարի արժեզրկման երեք հստակ պատճառ առանձնացրեց․ նախ, ըստ նրա, այս դեպքում ոչ թե դրամն է ուժեղանում, այլ դոլարն է թուլանում, քանի որ ԱՄՆ-ում տարեցտարի ավելանում է երկրի արտաքին պարտքը, և դա չի կարող չազդել նաև դոլարի փոխարժեքի իջեցման վրա։ Երկրորդ՝ Ուկրաինայի գործողության հետևանքով Հայաստան են եկել Ռուսաստանի՝ 60-100 հազար քաղաքացիներ, որոնք այստեղ իրենց ապրուստն ապահովելու համար մանրել են իրենց հետ բերած դոլարի մի մասը։
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է ռուբլով
Դա իր ազդեցությունն ունեցավ հօգուտ դրամի, որովհետև երկրում քանակական տեսակետից դոլարն ավելացավ, իսկ դրամը մնաց նույն մակարդակի վրա։ Եվ երրորդ՝ բազմաթիվ իրավաբանական անձինք իրենց մոտ եղած դոլարները դարձնում են դրամ, որպեսզի կատարեն իրենց վարկային պարտավորությունները։
Ճզմաչյանի խոսքով՝ դեռ պարզ չէ. առաջիկայում դոլարի արժեզրկումը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ, սակայն միանշանակ էլ չէ, որ դոլարի արժեզրկումը Հայաստանի համար օգուտ պիտի լինի։ Նրա խոսքով` ընդհանրապես, փոխարժեքների տատանումներից և՛ օգուտ, և՛ վնաս կա։

«Ամենալավը, երբ առանձնապես փոփոխություն չի լինում, ու ամեն ինչ կայունանում է, որովհետև մի արտարժույթի արժեզրկվելը մյուսի նկատմամբ մե՛կ վնաս է տալիս արտահանմանը և օգուտ է տալիս ներմուծմանը, մե՛կ էլ՝ հակառակը։ Այս տեսակետից, ամենաճիշտ բանը կայունությունն է»,- նշեց Ճզմաչյանը։

Ճզմաչյանի կարծիքով` այլ հարց է, եթե դրամական միավորն ունենա իրեն ապահովող արժեքներ։ Օրինակ՝ Ռուսաստանի դեպքում ռուբլին ապահովված է նավթով և գազով։
Ըստ նրա՝ այլ իրավիճակ կլիներ, եթե հայկական դրամի հետևում էլ լինեին այդպիսի արժեքներ, որոնք էլ անընդհատ ավելանան, ու դրամն էլ արժևորվի։
Ինչո՞ւ ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն. փորձագետի պատասխանը
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո արևմտյան մի շարք երկրներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, ավիացիոն, մշակութային և այլն, պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչի հետևանքով ռուբլին կտրուկ արժեզրկվել է։
Սա նաև իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի ու հայկական շուկայի վրա։ Մարտի սկզբին դոլարի փոխարժեքը հատել էր 500 դրամի սահմանը։ Այժմ դոլարը գնվում է մոտ 470 դրամով։