ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Եկամտահարկի չափը նվազել է, բյուջե վճարվող եկամտահարկերի ծավալը` աճել։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ խոսելով բյուջետային որոշ ցուցանիշների մասին։
«Եկամտային հարկը նվազել է, բայց մենք 2021թ–ին, 2018թ–ի համեմատ, 97 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ ենք հավաքել։ Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը։ 2021թ–ին մենք վերադարձրել ենք 31 մլրդ դրամից ավելի եկամտային հարկ, 2018թ–ին վերադարձվել էր 5 մլրդ»,– ասաց նա։
Հիշեցնենք` մինչև 2020թ–ի հունվարի 1-ը Հայաստանում եկամտահարկի համակարգը եռաստիճան էր` կախված աշխատավարձի մեծությունից. մինչև 150 000 դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսի չափով եկամտահարկ, 150 000–ից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսի, 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսի չափով։
2020թ–ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքացիները վճարում են համահարթ սկզբունքով` յուրաքանչյուրն իր աշխատավարձի 23 տոկոսի չափով։