ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱԻ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն իրեն վստահված ոլորտում որոշել է խնայողություններ անել։
Այդ նպատակով այսօր կառավարության նիստի հաստատմանն էր ներկայացվել ԱԻՆ Փրկարարական ծառայության համազգեստի կրման կարգին վերաբերող մի շարք փոփոխությունների նախագիծը։ Դրանով նախատեսվում է գործածությունից հանել համազգեստի որոշ տեսակներ ու տարրեր. կիսաճտքավոր կոշիկները, ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտերը, ամենօրյա ձեռնոցը, ամենօրյա համազգսետի կիսաբամբակյա ամառային գլխարկը, քողարկող համազգեստի ամառային և ձմեռային ամբողջ լրակազմը:
Նախարարության հաշվարկով` համազգեստի միայն այս տեսակներից հրաժարման արդյունքում տարեկան 46 968 000 դրամ գումար կտնտեսվի։
Կատարված մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է համազգեստի կրման ժամկետներին։ Շտաբային ծառայողների ճտքավոր կոշիկի կրման ժամկետը 2-ից դարձել է 3 տարի, ձմեռային բաճկոնի ու գլխարկի օգտագործման ժամկետը` 4-ից 5 տարի։ Շարքային անձնակազմի փիրուզագույն ամենօրյա համազգեստի կրման ժամկետ է սահմանվել 3 տարի՝ նախկին 2 տարվա փոխարեն։
Այս փոփոխությունների արդյունքում տնտեսաված 12 653 246 դրամի հաշվին նախարարն առաջարկում է փրկարարներին կարճաթև շապիկ հատկացնել տարեկան 2 հատ` 1-ի փոխարեն։
Փամբուխչյանն ԱԻ նախարար է նշանակվել ապրիլի 12-ին։
Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվել է. նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար։