ՌԱԴԻՈ

Ալիևը շտապում է պայմանագիրը ստորագրել, որ հետագայում ԼՂ կարգավիճակի հարց չլինի․ քաղաքագետ

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շուշիում արած վերջին հայտարարություններին։
Sputnik
Ալիևը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել այդ խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրելու համար։ Իրեն թվում է, որ իր հայտարարություններով կարող է վախեցնել հայ հասարակությանը, իսկ վերջինս էլ ճնշում կգործադրի կառավարության վրա, որ խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Sputnik Արմենիայի եթերում Իլհամ Ալիևի Շուշիում կատարած հայտարարությունների մասին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Ալիևը ապրիլի 22-ին Շուշիում հայտարարել էր՝ Ադրբեջանը կարող է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը շեղվի Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքներից։
Քեռյանի խոսքով՝ Ադրբեջանի առաջարկած 5 կետի մեջ առաջին երեքն, ըստ էության, իրար կրկնող միտք ունեն՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականապես ֆիքսում են իրենց տարածքները, այն հաշվարկով, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։
«Արդեն որերորդ անգամ Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ակնարկներ են արվում, որ Արցախի հարցը լուծված չէ, բայց քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Արցախի հարցը լուծվել է, նրանց անհանգստացնում են այդ հայտարարությունները։ Որպեսզի հետագայում Արցախի կարգավիճակի հարց չքննարկվի, նրանք շտապում են օր առաջ այդ հինգ կետով պայմանագիրը ստորագրել։ Ալիևը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել, տարբերակներից մեկն էլ հայտարարությունն է՝ եթե ձգձգեք, մենք ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչի»,- նշեց Քեռյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ, սա, իհարկե, անհանգստացնող հայտարարություն է, որովհետև Հայաստանն այսօր պատրաստ չէ նոր պատերազմի, պարտությունից հետո մենք չենք վերականգնել մեր ռազմական պոտենցիալը, իսկ Ադրբեջանը՝ ընդհակառակը, քանի ունի ռազմատնտեսական, քաղաքական և կոմունիկացիոն առավելություն, ուզում է հարցը լուծել ի օգուտ իրեն։
Ալիևը ևս մեկ անգամ հայտարարում էր, թե Երևանն էլ Սյունիքն էլ Ադրբեջանինն են եղել։
Քեռյանի տեսակետով՝ Ալիևին պարզապես թվում է, որ հայերին ահաբեկում է, որ եթե ինքն ինչ-որ ՀՀ տարածքներ համարում է ադրբեջանական, ապա պատերազմի հետևանքով, օրինակ, կարող է նոր բռնազավթումների գնալ։
«Այս հայտարարություններից ոչ թե պետք է ահաբեկվել, այլ պետք է կայուն կերպով մտածել երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ։ Իսկ այս հայտարարությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն մեր տեղեկատվական անվտանգության օղակները, հավաքագրեն, որ դրանք ուղարկեն ինչպես եվրոպական գործընկերներին, այնպես էլ Ռուսաստանին, որ ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրեն նրա վրա, որ պատերազմի ձգտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը»,- հավելեց Քեռյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ալիևը հայտարարել էր, թե իրենք առաջարկած 5 կետով խաղաղության պայմանագիրը «հայերի վերջին հնարավորությունն» է։ Նրա խոսքով` ընդունելով Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները՝ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես պետք է հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չունի և ապագայում էլ Ադրբեջանի նկատմամբ չի ունենա տարածքային պահանջներ։