44-օրյա պատերազմում հանցագործության քրգործերով դատի է տրվել 55 անձ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազը ցավով նշել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում ԶՈւ ներկայացուցիչներ, բազում սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։
Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ (այդ թվում` բարձրաստիճան սպաներ) մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - նշեց ՀՀ գլխավոր դատախազը։
Նա վստահեցրեց՝ անպայման հասնելու են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու հատկապես պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը։
Հին Թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգությունը չապահոված հրամանատարը կալանավորվել է
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, ապա Արթուր Դավթյանի խոսքով` օբյեկտիվ ապացույցներով փաստագրված են տվյալներ, համաձայն որոնց` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են եղել, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, սպանվել են քաղաքացիական անձինք, պատերազմ վարելու կանոններ են խախտվել և այլն։
Դավթյանը նշեց, որ քրգործով ձեռք բերված օբյեկտիվ փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից իրականացվել են հանրահայտ ահաբեկչական խմբավորումների վարձկանների հավաքագրումներ։ Այդ վարձկանները անարգել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը։
«Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել երկու այդպիսի վարձկանի, որոնք շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։
Դավթյանը հիշեցրել է նաև, որ 2 վարձկաններն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ քրեական հետապնդման է ենթարկվում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։
Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել