Եկեք անկեղծ լինենք։ Ամենատարբեր միջազգային զեկույցները Հայաստանի մասին ցույց են տալիս, թե որքան իրավացի էր հայտնի բանաստեղծ Հենրի Լոնգֆելոն, երբ ասում էր. «Մենք ինքներս մեզ գնահատում ենք՝ ելնելով այն պատկերացումներից, թե ինչի կարող ենք հասնել, այնինչ ուրիշները մեզ գնահատում են, ելնելով այն բանից, թե իրականում ինչի ենք հասել»։
Ամերիկացու այս մտքի արդարացիության, թերևս, ամենավառ ապացույցներից է այն, որ մեր իշխանությունները հպարտորեն պնդում են. «Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է», մինչդեռ «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպությունը այս շաբաթ հրապարակված զեկույցում փաստում է. «Հայաստանը դեռ բավական հեռու է իրական դեմոկրատիայից»։
Հիշում եմ՝ տարիներ առաջ հարց ուղղեցի այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանին. «Արդյո՞ք դուք գտնում եք, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է»։ Պատասխանն այսպիսին էր. «Մենք բռնել ենք ժողովրդավարության ուղին»։ Հիմա՝ մոտ քառորդ դար անց, ակնհայտ է, որ այդ ճանապարհը փշոտ է ու բավական երկար։ Այո՛, տարեցտարի որոշակի առաջընթաց ենք գրանցում, բայց մինչև հիմա դեպի լիակատար դեմոկրատիա տանող ճանապարհի կեսին էլ չենք հասել։ «Ֆրիդոմ հաուսը» մանրամասնում է՝ եթե համարենք, որ այս բնագավառում առավելագույն հաջողություններ արձանագրած պետություններում ժողովրդավարությունը 100 տոկոս է, իսկ ձախողվածներում՝ 0 տոկոս, ապա Հայաստանն այս պահին ունի 34-տոկոսանոց դեմոկրատիա։ Ի՞նչ եք կարծում, 34-տոկոսանոց ժողովրդավարությունը կարելի՞ է բրենդ համարել։
Ավելին, իշխանության ներկայացուցիչները չգիտես որտեղից վերցրած փաստեր են բերում, թե Հայաստանը առաջատարն է այն կառույցներում, որոնց անդամակցել է։ Իրականությունը, ըստ Ֆրիդոմ հաուսի, մեղմ ասած, մի փոքր այլ է։ Եթե վերցնենք այն տարածքը, որը Եվրոպայի խորհուրդը եվրոպական է համարում, իրենց ցուցանիշներով մեզ գերազանցում է երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, երեք երկրներ էլ հետ են ընկնում մեզնից։ Դրանք են Բելառուսը, Ռուսաստանը և Ադրբեջանը։ Այսինքն` մենք գտնվում ենք ուղիղ մեջտեղում։ Մի կողմ եմ թողնում թե՛ մերձբալթներին, որոնք ժողովրդավարության տեսանկյունից, ինչպես ասում են, առաջ են պոկվել, թե՛ Կենտրոնական Ասիայի հանրապետություններին, որոնք շատ են հետ մնացել։
Ի՞նչն է մեզ առաջ մղել վերջին տարվա ընթացքում։ Նորմալ ընտրությունների անցկացումը։ Այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բնավ ոչ բոլորին են բավարարում, շատերը խիստ տարօրինակ են համարում, որ նույնիսկ 2020 թվականի ծանր պարտությունից հետո նույն քաղաքական ուժը կրկին մեծամասնություն կազմեց խորհրդարանում, բայց գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները փաստում են, որ պատերազմից հետո ստեղծված բարդ պայմաններում մեզ մոտ, այնուամենայնիվ, հաջողվեց ազատ և արդար ընտրություններ կազմակերպել։
Ի՞նչն է արգելակում մեր դեմոկրատական առաջընթացը։ Հիմնականում այն, որ իշխանություններն ամեն կերպ ձգտում են սահմանափակել խոսքի ազատությունը։ Օրինակ` ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մոտ 10 օր առաջ հրապարակած իր ամենամյա զեկույցում նշում է. «Իշխանություները խստացրել են զրպարտության, ծանր վիրավորանքի մասին օրենսդրությունը՝ կտրուկ բարձրացնելով որպես պատիժ նախատեսված առավելագույն տուգանքը, զգալիորեն սահմանափակել են խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքը»։
Ի՞նչն է հետաքրքիր։ Դուք երևի արդեն չեք հիշում, բայց երբ մի քանի շաբաթ առաջ «Ֆրիդոմ հաուսը» կրկին` արդեն երկրորդ անգամ քննադատեց Հայաստանի իշխանություններին զրպարտության և ծանր վիրավորանքի վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու համար, իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը հակադարձեց. «Այդ իրավապաշտպանները պարզապես սխալ են հասկացել, իրականում ոչ մի սահմանափակում էլ չկա»։ Դե ի՞նչ, պարզվում է, որ Հայաստանի իշխանավորների գործողությունները սխալ են ընկալում ոչ միայն իրավապաշտպանները, այլև Ամերիկայի արտգործնախարարության աշխատակիցները։
Ի դեպ, ամերիկյան պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը բավական ծավալուն է։ Դրա հեղինակները մեջբերում են հայաստանյան լրատվական կազմակերպությունների տվյալները, ըստ որոնց, մեկ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 18 դեպք է եղել, ընդ որում, 6 անգամ իմ գործընկերների վրա հարձակում են գործել կամ բռնություն կիրառել հենց պետական պաշտոնյաները։ Պետդեպարտամենը, մասնավորապես, հիշեցնում է, որ նախկին նախարար Հակոբ Արշակյանը երևանյան ռեստորաններից մեկում պարզապես ծեծի է ենթարկել լրագրողին, իսկ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը թերթերից մեկի թղթակցից խլել է սմարթֆոնը։
Ահա, այսպիսի 34-տոկոսանոց ժողովրդավարություն։ Ինչպե՞ս չհիշես Ամերիկացի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքը. «Եթե ամեն մարդ կարող է թագավոր դառնալ, դա հո չի՞ նշանակում, որ այդ թագավորությունում դեմոկրատիա է հաստատվել»։