«1000+» հիմնադրամը Մեծ եղեռնի զոհերին ու կորսված հայրենիքին նվիրված ակցիա է կազմակերպում

Ակցիային միանալու համար հարկավոր է այցելել հիմնադրամի https://www.1000plus.am կայք և ընտրել նվիրաբերության «ի հիշատակ» տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին ընդառաջ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ակցիա է կազմակերպում։
Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց հիմնադրամի հանրային կապերի պատասխանտու Անի Հարությունյանը։
Հիմնադրամի նվիրաբերության «ի հիշատակ» տեսակը, որով հատկացվող գումարը սովորաբար նվիրվում է կոնկրետ մեկ զոհված զինծառայողի հիշատակին, Մեծ Եղեռնի տարելիցի օրերին գործելու է ի հիշատակ 1915թ–ի Ցեղասպանության զոհերի։
«Այսինքն` նահատակների սերունդները հնարավորություն կունենան, նվիրաբերություն կատարելով, հարգել իրենց նախնիների ու մեր բոլոր զոհերի հիշատակը»,– ասաց նա։
Զոհի անունը նշելուց բացի նվիրատուները հնարավորություն կունենան նշելու նաև իրենց կորսված հայրենիքի` քաղաքի, գյուղի անունը։ Նվիրաբերությունը կատարողի էլեկտրոնային հասցեին կփոխանցվի հատուկ հավաստագիր, որով կփաստվի ոչ միայն կատարած նվիրատվության փաստը, այլև նվիրատուի ուղերձը։
«Դրա համար անհրաժեշտ է այցելել հիմնադրամի https://www.1000plus.am կայք, ընտրել նվիրաբերության «ի հիշատակ» տեսակը ու լրացնելով ձեր տվյալներն ու ուղերձը՝ կատարել նվիրաբերություն»,– ասաց Հարությունյանը` տեղեկացնելով, որ ապրիլի 24-ին ուղղած նվիրաբերություններն արդեն գործում են։
Հիշեցնենք` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017թ–ին` Արցախյան ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո։
Զինծառայողների հիմնադրամի գումարների 80 տոկոսն ապահովում են Հայաստանն ու Արցախը
Այդ պահից սկսած ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձերից պարտադիր 1000-ական դրամներ էին փոխանցում հիմնադրամին։
2021թ–ի հունվարի 1-ից վճարման չափը բարձրացվեց` 1500-15 000 դրամ` կախված աշխատավարձի չափից։ Ընդ, որում, քաղաքացին, ցանկության դեպքում, կարող է պարտադիր վճարի չափից ավելի մեծ գումար փոխանցել` պայմանագրում փոխելով գումարի չափը։
Գործունեության 5 տարիների ընթացքում հիմնադրամը հավաքագրել է ընդհանուր 72 մլրդ դրամ, որից շուրջ 61 մլրդը` ՀՀ քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարների հաշվին, մնացած 11 մլրդ–ը` նվիրատվությունների։