Ուկրաինային նոր ռազմական օգնությունը ներառում է տասնյակ հաուբիցներ և ԱԹՍ-ներ. Բայդեն

Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի հասնող մատակարարման նոր փաթեթի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ուկրաինային հատկացվող ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է տասնյակ հաուբիցներ և մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված հատուկ ելույթի ընթացքում:
Այսօր նա հայտարարել է 800 մլն դոլարի մատակարարման նոր փաթեթի մասին:
«Այսօր ես հայտարարում եմ լրացուցիչ 800 մլն դոլարի մասին, որպեսզի է՛լ ավելի ամրապնդեմ արևելքում կռվելու1 Ուկրաինայի հնարավորությունները։ Այս փաթեթը ներառում է ծանր հրետանի, տասնյակ հաուբիցներ և 144 հազար արկ։ Այն նաև ներառում է լրացուցիչ մարտավարական դրոններ»,- հայտարարել Է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է նաև, որ արգելվել է ռուսաստանյան նավերին մտնել ամերիկյան նավահանգիստներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 155 միլիմետրանոց հաուբիցների մատակարարումները սկսել է ռազմական օգնության դեռևս նախորդ փաթեթի շրջանակում։ ԱՄՆ-ն նաև խոստացել է կազմակերպել ուկրաինացի զինվորականների ուսուցումը նման զենքերից օգտվելու համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։