ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ազգայնականները շարունակում են պատանդ պահել օտարերկրյա քաղաքացիներին և որպես «կենդանի վահան» օգտագործել նրանց: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Նրանք պատանդ են պահում 10 պետության 6134 քաղաքացու», - ասել է գեներալ–գնդապետը։
Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում ՌԴ մարդասիրական արձագանքման հարցերի միջգերատեսչական համակարգող շտաբի թեժ գիծը, գործադիր իշխանության դաշնային մարմիններն ու հասարակական տարբեր կազմակերպությունները 315 դիմում են ստացել Ուկրաինայի քաղաքացիներից ու օտարերկրացիներից։ Շտաբի տվյալների բազայում արդեն 2 751 465 այդպիսի դիմում կա Ուկրաինայի 2 128 բնակավայրերից։
«Ուկրաինական 7 նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ 18 պետությունների 76 նավեր։ Պաշտոնական Կիևի կողմից գնդակոծվելու սպառնալիքը և ականապատման բարձր վտանգը թույլ չեն տալիս, որ նավերն անարգել դուրս գան բաց ծով», - ասել է Միզինցևը:
Միաժամանակ շարունակվում է Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների տարհանումը Ռուսաստան:
«Չնայած Կիևի ստեղծած խոչընդոտներին` անցած օրվա ընթացքում, առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից Ռուսաստան է տարահանվել 14 877 մարդ, նրանցից 2 288–ը երեխաներ են»,– նշել է գեներալ–գնդապետը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։