ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում գազի արդյունահանման և տեղափոխման համար, հայտնում է «Սաբահ» թերթը:
«Այսօր Թուրքիան ընդլայնում է հորատող նավերի իր նավատորմը։ Առայժմ որոնումները շարունակվոմ են, ջանքեր են գործադրվում, որպեսզի 2023 թվականին քաղաքացիներին հասանելի լինի 540 միլիարդ խմ բնական գազ»,-գրում է պարբերականը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Զոնգուլդակ Սաքարիայի բնական գազի հանքավայրը ներառվել է նախագծային պետական օգնության ծավալի մեջ:
«145 մլրդ լիրա (գրեթե 10 մլրդ դոլար) չափով ներդրումները կուղղվեն Սև ծովում 540 մլրդ խորանարդ մետր բնական գազի արդյունահանմանն ու օգտագործմանը»,-մանրամասնել է թերթը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան նախատեսում է Սև ծովից ստացվող գազն իր էներգետիկ համակարգին միացնել մինչև 2023 թվականը։