ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սառը պատերազմի մենթալիտետը, հեգեմոնիզմն ու բլոկային առճակատումը խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը ամբողջ աշխարհում։ Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Ասիական տնտեսական համաժողովի համար պատրաստված տեսաուղերձում։
«Փաստերը հերթական անգամ ապացուցեցին, որ սառը պատերազմի մենթալիտետը միայն խարխլում է գլոբալ խաղաղության հիմքերը, հեգեմոնիզմը և բիրտ ուժի քաղաքականությունը միայն սպառնալիքի տակ են դնում համաշխարհային խաղաղությունը, իսկ բլոկային առճակատումը 21-րդ դարում միայն խորացնում է անվտանգության մարտահրավերները»,- նշել Է Սի Ծինփինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՉԺՀ-ի ԶԼՄ-ներին։
Չինաստանի ղեկավարը նաև դեմ է արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին և երկակի ստանդարտների քաղաքականությանը:
«Աշխարհի բոլոր երկրները լողում են մի մեծ նավով, որի ճակատագիրն ընդհանուր է։ Եթե նրանք ուզում են անցնել կատաղի ալիքները և շարունակել ճանապարհը դեպի պայծառ ապագա, նրանք պետք է մեկ ուղղությամբ գործեն։ Անթույլատրելի է փորձել ինչ-որ մեկին ծովը նետել»,-ասել Է Ծինփինը։
Նա կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից և միակողմանի պատժամիջոցների չարաշահումից: ՉԺՀ-ի առաջնորդն ընդգծել է երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով հետևելու անհրաժեշտությունը:
Ասիական տնտեսական ֆորումը, որը ոչ պաշտոնապես անվանում են «Արևելյան Դավոս», բացվել է ապրիլի 20–ին Բոաոյում՝ չինական Հայնան կղզում:
Այս տարի համաժողովը, որը կտևի ապրիլի 20-22-ը, անցկացվում է «Աշխարհը COVID-19-ի պայմաններում և դրանից հետո. համատեղ աշխատանք գլոբալ զարգացման և ընդհանուր ապագայի համար» խորագրով:
Համաժողովն անցկացվում է առկա ձևաչափով՝ առցանց տեխնոլոգիաների կիրառմամբ։