Ռումբի ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա մեկնող ինքնաթիռը ստուգվում է

Այս պահին ինքնաթիռի ստուգման աշխատանքներ են կատարվում: Եթե ամեն ինչ կարգին լինի, նախատեսված չվերթը կիրականացվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռումբի ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

«Ժամը 16։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի առկայության մասին»,- նշեցին ոստիկանությունից։

Մեր տեղեկություններով՝ ռումբի մասին ահազանգը վերաբերում է Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռին։
Մարդիկ տարհանվել են։ Այս պահին աշխատանքներ են տարվում, ինքնաթիռը ստուգվում է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք` ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ էր ստացվել նաև շուրջ մեկ ամիս առաջ` մարտի 22–ին։ Այդ օրը ժամը 17։42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը Երևանում վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:
Տեղազննման արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: