ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության հրթիռային հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմական օբյեկտներին։
«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԶՈւ 14 օբյեկտների։ Հարվածների հետևանքով Պոպասնայա բնակավայրի շրջանում խոցվել են կառավարման կետեր, զինամթերքի երկու պահեստ, կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կենտրոնացման երկու վայր, ինչպես նաև ազգայնականների երկու հենակետ», – ասել է նա։
Բացի այդ, Շնուրկի և Սլավյանսկ բնակավայրերում զինամթերքների պահեստներ են ոչնչացվել, ինչպես նաև Չերկասկոյե և Ալեքսանդրովկա շրջաններում հարվածներ են հասցվել կենդանի ուժին և ռազմատեխնիկային, ինչի հետևանքով ոչնչացվել են մինչև 120 ազգայնականներ և ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա ու ավտոմեքենա։
«ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ–մարտավարական ավիացիան օրվա ընթացքում խոցել է 64 ռազմական օբյեկտ, այդ թվում` Կրասնի Լիման և Դրոբիշևո շրջաններում կենդանի ուժի և ուկրաինական ռազմատեխնիկայի կենտրոնացման վայրեր, ինչպես նաև Զապորոժիե քաղաքի շրջանում հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ», – ասել է գեներալը։
Նրա խոսքով` մեկ օրում ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինական զորքերի 450 օբյեկտ են խոցել։ Կոնաշենկովը թվարկել է դրանք` 14 կառավարման կետ, 429 հենակետ և կենդանի ուժի ու ռազմատեխնիկայի կենտրոնացման վայրեր Խարկովի մարզի Վելիկայա Կամիշևախա, Չերվոնոյե, Պաշկովո և Նովայա Դմիտրովկա բնակավայրերում։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 512 անօդաչու, 254 ԶՀՀ, 2422 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 266 կայանք, դաշտային հրետանու 1051 զենք և ականանետ, ինչպես նաև 2274 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,– նշել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։