Պարենային վիճակը շատ կվատանա. ուկրաինական իրադարձությունների համաշխարհային հետևանքները

Սուպերմարկետ. Արխիվային լուսանկար
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի իշխանությունները, որոնք միշտ էլ շարքային քաղաքացուն միամիտի տեղ են դրել, դեռ 10-15 տարի առաջ փորձում էին հասարակ հայաստանցուն համոզել, թե աշխարհում տեղի ունեցող բացասական իրադարձությունները մեր կողքով կանցնեն, չենք էլ նկատի։ Հիշեք թեկուզ, թե ինչպես էր նախկին վարչապետներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի օրերին հաստատ պնդում՝ ոչ միայն էապես չենք տուժի, մի բան էլ կշահենք այս ամենից։ Հետո տարիներ շարունակ չէինք կարողանում դուրս գալ այն փոսից, որում հայտնվեցինք այդ ճգնաժամի պատճառով։
Ժամանակի ընթացքում ձերբազատվեցինք այդ միամտությունից, ու երբ անցած տարվա վերջին սննդամթերքի գները կտրուկ աճեցին, արդեն մեծ վերապահումներով էինք վերաբերվում պաշտոնյաների հավաստիացումներին, թե 2022 թվականի առաջին եռամսյակում ամեն ինչ բնականոն հուն կմտնի։ Հիմա համոզվեցի՞ք, որ ճիշտ էլ անում էինք, որ չէինք հավատում։ Մի տուփ կարագ ես վերցնում խանութի դարակից, մոտենում ես դրամարկղին, սիրունատես աղջիկն ասում է՝ կներե՛ք, 20 դրամով հենց նոր թանկացել է։ Այսքանից հետո մարդ դժվարությամբ է հավատում էկոնոմիկայի նախարարին, երբ նա հանգստացնում է՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով սով չի սկսվի։ Բայց գոնե այս դեպքում արժե հավատալ, որ մեր կատակասեր պաշտոնյան վերջապես լուրջ է ասում։
Առաջատար միջազգային մասնագետներն էլ են համոզված՝ բազմաթիվ հոռետեսական կանխատեսումներին հակառակ, Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում համաշխարհային սովի չեն հանգեցնի։ Սակայն անմիջապես էլ վերապահում են անում՝ պետությունները անպայման կտուժեն, բայց՝ տարբեր չափերով։ Այս պնդումը շատ կոնկրետ հիմնավորում ունի։ Տեսե՛ք։ Առաջին հայացքից, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության պատճառած կորուստը հսկայական է, քանզի այդ երկու պետություններն առաջատար դիրք են գրավում հացահատիկի շուկայում և ապահովում արևածաղկի ձեթի համաշխարհային մատակարարումների գրեթե 60 տոկոսը։ Բայց մյուս կողմից, սով է սպառնում միայն ամենաաղքատ և ամենակոնֆլիկտային երկրներին՝ Սոմալի, Աֆղանստան կամ Եմեն։
Հասկանալի է, որ մեծապես տուժելու են նաև այն երկրները, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից բերվող մթերքից։ ԲիԲիՍի-ն այդ երկրների թվում նշում է Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան, որոնցում բանն, իհարկե, համատարած սովի չի հասնի, բայց առանց այն էլ վատ ապրող բնակչությունը խիստ կերպով կտուժի գների աճից։ Իսկ գոնե մենք հո գիտենք, որ դա միջին ընտանիքի համար պարզապես աղետ է, որովհետև մեր եկամտի եթե ոչ առյուծի բաժինը, ապա համենայնդեպս մի զգալի մասը հենց պարենային խանութում կամ շուկայում է հօդս ցնդում։
Իհարկե, նաև ուրիշ բացատրություն կա, թե ինչու, ասենք, ցորենի գնի աճը ֆրանսիացու վրա գրեթե չի ազդում, մինչդեռ հայաստանցին այն անմիջապես զգում է։ Ենթադրենք, Փարիզի բնակիչը առավոտյան ավանդական ֆրանսիական բագետն է գնում։ Դրա գինը չնչին չափով է կախված այն բանից, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության պատճառով ցորենի արտադրությունը խիստ կրճատվել է, և ալյուրի գինը՝ կտրուկ բարձրացել։ Երևի ինքներդ եք կռահում, թե ինչու։ Ալյուրի արժեքը այդ բագետի ինքնարժեքի ընդամենը չնչին մասն է կազմում։ Գերակշիռ մասը՝ հացթուխի և վաճառողի բարձր աշխատավարձն է։ Իսկ մեզ մոտ աշխատավարձերն այնքան ցածր են, որ նույն բագետի գնի հիմնական մասը ալյուրի արժեքն է՝ հենց ալյուրի գինը թեկուզ մի քիչ աճում է, անմիջապես բարձրանում է նաև հացի գինը, կամ էլ այդ հացը շագրենի կաշվի նման փոքրանում է։
Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ հակամարտության մյուս վնասներին, որոնք բոլորիս հայտնի են։ Օրինակ`ակնհայտ է, որ եթե մեր հայրենակիցը փող է ուղարկում տուն այն երկրից, որի ազգային տարադրամն արժեզրկվում է, ուրեմն նրա հարազատները ստիպված կլինեն է՛լ ավելի ձգել իրենց գոտիները։ Բայց կա նաև մեկ այլ հանգամանք։ Եթե հիշում եք, մոտ մեկ տասնամյակ առաջ, երբ սկսվեց, այսպես կոչված՝ «Արաբական գարունը», էլի սննդի գները ռեկորդային էին, և որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ համոզված են, որ դա շատ մեծ դեր խաղաց այն բանում, որ զանգվածային ընդվզումներ տեղի ունեցան Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, ապա նաև՝ Սիրիայում, ընդ որում, ինչպես պնդում են բազմաթիվ մեկնաբաններ, արտաքին միջամտությունն ակնհայտ էր։
Բրյուսելում գործող «Բրյուգել» հետազոտական կենտրոնն այս առնչությամբ կարծիք է հայտնում՝ այժմվա պարենային ճգնաժամն էլ մեծ քաղաքական ռիսկեր է պարունակում այն երկրների համար, որոնք հարուստ չեն, տնտեսական հաջողություններով աչքի չեն ընկել և խիստ զգայուն են արտաքին ազդեցությունների հանդեպ։ Հիշենք այս զգուշացումը։
ՌԴ-ն փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մի շարք հյուպատոսություններ