ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացիների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը պատասխանել է պաշտոնական Օտտավայի կողմից մշտապես սահմանվող հակառուսական պատժամիջոցներին և «սև ցուցակում» ընդգրկել Կանադայի քաղաքացիների հերթական խմբին։
Արտաքին գործերի նախարարության հրապարակած ցուցակում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, գործող ու պաշտոնաթող զինծառայողներ, փորձագիտական հանրույթի և առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք անմիջականորեն ներգրավված են Կանադայում իշխող ռեժիմի ռուսատյաց քաղաքականության մշակմանը, հիմնավորմանը ու իրականացմանը։ Նրանց նկատմամբ ՌԴ մուտք գործելու անժամկետ արգելք է սահմանվել։
Ցուցակում են Կանադայի վարչապետի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Քեմերոն Ահմադը, Կանադայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Սթիվ Բոիվինը, Կանադայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Քրեյգ Բեյնսը: Ցուցակն առաջիկայում ընդլայնվելու է։
Մոսկվան շարունակելու է հակահարված տալ պաշտոնական Օտտավայի ռուսատյաց ակցիաներին (Կանադան զենք և վարձկաններ է ուղարկում Ուկրաինա), իսկ հիմա Ուկրաինայի զինված ուժերի կանադացի համակարգողներին ու ազգային գումարտակներին զգուշացնում է, որ պատասխանատվություն են կրում իրենց հովանավորյալների ռազմական հանցագործությունների համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 57-րդ օրը։