Մենք այստեղ ենք, որ կարողանանք տեղ հասնել. տեր Շահեն այցելեց հացադուլ հայտարարած տղաներին

Ազատության հրապարակում հացադուլ անող տղաները. Արխիվային լուսանկար
Տեր Շահեն ասաց, որ այս սերունդը ցույց կտա՝ պատահակա՞ն, թե անկախության սերունդ է և կգա-կկանգնի՞ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած տղաների մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին այցելել է տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Տեր Շահեն ասաց՝ տղաներին ոչ թե հորդորել է դադարեցնել հացադուլը, այլ ասել՝ ուզում է, որ առողջ մնան։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ հանցագործները հրաժարվել են ընդունել մեղքը և հացադուլ են արել: Սակայն այս տղաները մաքուր, քրիստոնյա անձնավորություններ են:
«Ուզում եմ իրենց հետ լինել ընկերակից և ավելի ճիշտ մեթոդներով աշխատել: Մենք փորձեցինք արժեհամակարգ քննարկել իրենց հետ, և ես շնորհակալ եմ, որ առողջ դատողությունը հաղթեց: Այս անկախության սերունդն արդյո՞ք պատահական սերունդ է, թե ոչ և կգա, կկանգնի՞ իր սերնդակիցների կողքին: Եթե ոչ, շատ տխուր կլինի, իսկ եթե այո, միասին կլինենք բոլորս»,-ասաց տեր Շահեն:
Հարցին, թե արդյո՞ք ինքը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեր Շահեն ասաց՝ իրենք հիմա Արցախի համար են մտահոգված.«Մենք կորցնում ենք հայոց հողերը: Պետք է ուժեղանանք և առաջ գնանք՝ հերիք է ողբանք կորցրածի համար։ Թշնամին դարեր շարունակ ապացուցել է, որ հայատյաց է: Մենք այստեղ ենք, միասին ենք, որ կարողանանք տեղ հասնել ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»:
Իսկ մեկ այլ հարցին, թե Եկեղեցին ի՞նչ քայլեր է մտածում հայրենիքի փրկության ճակատի ձևավորման վերաբերյալ, նա պատասխանեց, թե երբ հայրենիքը առանց պետական ղեկավարի էր, եկեղեցին պահում էր հայրենիքը: Իսկ հիմա մեկ հարց կա՝ արդյո՞ք պետական ղեկավարությունը պահում է մեր հայրենիքը:
Հավելենք, որ հացադուլ հայտարարած տղաներն էլ ասացին, որ այսօր երեկոյան հայտարարությամբ են հանդես գալու:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։