Կիևը Z նշանով մեքենաներով սադրանք է իրականացրել․ ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև
ՌԴ ՊՆ-ն «քաղաքակիրթ Արևմուտքին» նախազգուշացնում է, որ Կիևի իշխանությունները ծրագրում են «ռուսների չարագործությունների մասին» հերթական ֆեյքը տարածել արևմտյան «օբյեկտիվ» և «անկախ» ԶԼՄ-ների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կիևի ռեժիմը սադրանք է իրականացրել Նիկոլաևի մարզում, որտեղ գրոհայինները Z նշանով մեքենաներով թալանել են տեղի բնակչությանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով` ուկրաինական ԶՈւ հրամանատարության ցուցումով կատարվել են բեմադրական նկարահանումներ, որոնցում ներկայացվել է, թե իբր ՌԴ զինծառայողները կողոպտում են խաղաղ քաղաքացիներին։

«Տարածքային պաշտպանության 123-րդ գումարտակի 191-րդ բրիգադի զինյալները ռուսական համազգեստով և ավտոմեքենաներով, որոնց վրա Z նշան է եղել, ցուցադրաբար թալանել են մասնավոր տները և իրենց վայրագությունները նկարահանել բջջային հեռախոսներով»,- ասել Է գեներալը:

Կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապես զգուշացնում է այսպես կոչված քաղաքակիրթ Արևմուտքին, որ Կիևի իշխանությունների կողմից «ռուսների վայրագությունների մասին» այս հերթական ֆեյքը ծրագրվում է առաջիկայում տարածել արևմտյան «օբյեկտիվ» և «անկախ» ԶԼՄ-ների միջոցով՝ Կիևում գտնվող համակարգողների լիակատար հավանությամբ։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի նման սադրանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս Ուկրաինայի լիակատար անտարբերությունը խաղաղ քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։