ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Տվեր քաղաքի Օդատիեզերական պաշտպանության զորքերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի շենքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Ճշտված տվյալներով՝ հրդեհի հետևանքով 5 մարդ է մահացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հաղորդում է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը, մարման աշխատանքներին ավելի քան 240 մարդ է մասնակցում:
«Տեղում աշխատում են հրշեջ–փրկարարական զորամասերի ստորաբաժանումները, ներգրավված է 69 միավոր տեխնիկա։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ՄԻ-8 ուղղաթիռն արդեն 7 անգամ ջուր է ցողել»,– ասվում է հաղորդագրությունում։
Հրդեհն առայժմ չեն կարողանում մեկուսացնել։
Կրակը բռնկվել է շենքի երկրորդ հարկում, փայտե ծածկի պատճառով կրակն արագ տարածվել է։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,5 հազար քառակուսի մետր։ Նախնական տվյալներով ՝ պատճառը էլեկտրաէներգիայի խափանումն է։
Զինվորական դատախազությունը ստուգումներ է սկսել։