ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ԱԱԾ–ից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել։
«Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել»,–գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նալբանդյանից, սակայն վերջինս հետախոսազանգերին չի պատասխանել։
«Այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել: Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ, կներկայացնենք առաջիկայում»,–հայտնում է օրաթերթը:
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ նախկին վարչապետը 5 մլն դոլարով վաճառել է Երևանում գտնվող իր շքեղ առանձնատունը։ Բայց տարօրինակ է այն, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում գույքը կալանքի տակ էր դրված։
Թե ինչպես է Աբրահամյանին հաջողվել նման գործարք իրականացնել, գլխավոր դատախազությունը դեռ չի մեկնաբանել։
Ինչ վերաբերում է Նալբանդյանին, ապա հասարակությանը ոչ այնքան հայտնի գործարարը ավելի վաղ ձեռք էր բերել նաև մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը։