ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն է փոխանցել, որոնց հիման վրա 80 քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 67 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 26-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 2-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
ՀՀ պետական իրավասու մարմիններ են ուղարկվել նաև թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ նյութեր։ Դրանց մի մասի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
Նշված եռամսյակում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 226 քրեական գործեր, որից հարուցվել է 98 քրեական գործ։ 46 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 14 քրեական գործի վարույթ, իսկ 68 քրեական գործ փոխանցվել է դեռ նախորդ տարվանից:
Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 15 քրեական գործ 19 անձանց նկատմամբ, կարճվել է 49-ը, կասեցվել է 31 քրեական գործերի վարույթ, 42 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 16 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 73 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է։
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ այս 3 ամիսներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6 982 174 367 դրամ։ Այս գումարից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 6 695 459 950 դրամ, իրավաբանական անձանցը՝ 274 775 217 դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 11 939 200 դրամ:
Նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 480 312 771 դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 270 571 217 դրամը: