ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եվրոպայում գազի ֆյուչերսների գներն աճել են 5,45%–ով` հասնելով 1000 խմ–ի դիմաց 1110 դոլարի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով լոնդոնյան բորսային։
Ըստ TTF եվրոպական հարթակի ցուցիչի` մայիսյան ֆյուչերսների արժեքը աճուրդի բացմանը կազմել է 1027 դոլար, ինչը առևտրային շրջանի նվազագույն ցուցանիշն է դարձել։
Ձմռան վերջին–գարնան սկզբին գազի գները սկսեցին կտրուկ աճել, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագիր ստորագրեց, որով ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում։
Մարտի սկզբին գազի գինը ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի հետ կապված մտավախությունների պատճառով 4 օր շարունակ թարմացնում էր պատմական առավելագույն ցուցանիշը, որից հետո ամսվա կեսերին ավելի քան եռակի նվազեց։ 1000 խմ–ի դիմաց 3892 դոլար գնային ռեկորդ սահմանվեց մարտի 7-ին։
Սակայն Եվրոպայում գազի գների զգալի աճ էր սկսվել դեռ անցած գարնանը, երբ միջին գինը TTF–ի ցուցանիշներով տատանվում էր 1000 խմ–ի դիմաց 250-300 դոլարի սահմանում։ Ամռան վերջին «մեկ օր առաջ» մատակարարումով պայմանագրի արժեքը գերազանցեց 600 դոլարը, իսկ հոկտեմբերի սկզբին` արդեն 1000 դոլարը։
Փորձագետները գների նման աճը պայմանավորում էին մի քանի գործոնով` Ասիայում հեղուկ գազի բարձր պահանջարկ, հիմնական մատակարարների կողմից սահմանափակ առաջարկ և տևական սառը ձմեռից ու տաք ամառից հետո եվրոպական ստորգետնյա պահեստարանների հագեցվածության ցածր մակարդակ։ Նման կայուն բարձր գներ Եվրոպայում չի եղել գազի բաշխման կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում` սկսած 1996 թվականից։