ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մեր երկիրը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:
Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ամեն ինչ պետք է անել Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։
«Սա իսկապես շատ լավ հնարավորություն է մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկը կրկին ցուցադրելու, Եվրոպային ասելու, որ մենք լավ ծանրամարտ ունենք: Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնենք շատ բարձր մակարդակով»,– ասել է նա:
Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:
Հիշեցնենք՝ մարտի վերջին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել էին մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: