ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է արել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններին բացառել ցանկացած դրամահավաք։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:
«Դրամահավաքների բացառման վերաբերյալ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին»,– նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ դրամահավաքներ տարվա երկրորդ եռամսյակում հիմնականում սկսում են իրականացվել Վերջին զանգի նախաշեմին։ Դեռ 2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նման դեպքերը բավականին նվազել են։