ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ռոսնանոյի» նախկին ղեկավար և ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը սեփական կամքով հեռացել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի և «Էլեկտրոզավոդ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Սիստեմայի» մամուլի ծառայությանը։
Չուբայսը «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի անդամ էր դարձել 2020 թվականի հունիսին, իսկ «Էլեկտրոզավոդ» ԲԸ–ի տնօրենների խորհրդի անդամ` 2021 թվականի մարտին։
Մարտի կեսերին արևմտյան ԶԼՄ–ները հայտնեցին, որ Չուբայսը հեռացել է նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից («Ռոսնանոյից» նա մինչ այդ էր դուրս եկել) և մեկնել Ռուսաստանից։
Նշվում էր, որ նա Ուկրաինայի հարցում անհամաձայնություն ունի Վլադիմիր Պուտինի հետ, այդ պատճառով էլ հրաժարական է տվել։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հաստատեց, որ Չուբայսը սեփական կամքով է ազատվել պաշտոնից։