«Բացառիկ ագրեսիվություն»․ ի՞նչ են սկսել Վաշինգտոնն ու Բրյուսելը Եվրոպայում

Ամերիկացի զինվորականները Լեհաստանում. Արխիվային լուսանկար
Sputnik
Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները Ռուսաստանում ռազմական հատուկ գործողության ֆոնին քննարկում են իրենց անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Միաժամանակ Բրյուսելը ամրացնում է արևելաեվրոպական թևը, նոր ռազմական խմբավորումներ է տեղակայում և կոշտացնում է հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ։ Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գործողությունների մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածագիր Անդրեյ Կոցի նյութում։

Սկանդինավիան ՆԱՏՕ-ում

Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներ շարունակ չեզոքություն են պահպանել և սկզբունքորեն կողմ են եղել արտադաշինքային կարգավիճակին: Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո սկանդինավյան այդ պետությունների թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի խոսքով՝ Մոսկվայի և Հելսինկիի հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի: Նա կարծում է, որ «անվտանգության եվրոպական համակարգում արմատական փոփոխությունների» պայմաններում անհրաժեշտ է անդամագրվել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Նույնատիպ դիրքորոշում ունի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նա արդեն կայացրել է իր որոշումը։ Ենթադրվում է, որ երկու երկրներն էլ հայտ կներկայացնեն հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։
Ֆինլանդիային ու Շվեդիային դաշինքում վաղուց են սպասում։ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է հնարավորինս արագ ընդունել նրանց։
Նման խանդավառությունը միանգամայն հասկանալի է. Բրյուսելի վերահսկողության տակ կանցնեն Սկանդինավյան թերակղզին և Բալթիկ ծովի գրեթե ողջ առափնյա գիծը։ Իսկ կարևորագույն ռուսական նավահանգիստ քաղաքը՝ Մուրմանսկը, դաշինքի սահմաններից ընդամենը հարյուր կիլոմետր հեռու կլինի։ Դա, կարծում են ՆԱՏՕ-ում, զգալիորեն կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա։
Կրեմլում անմիջապես արձագանքել են։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանների երկարությունը ավելի քան երկու անգամ կավելանա: Հարկ կլինի ուժեղացնել ցամաքային զորքերի և ՀՕՊ-ի խմբավորումը, ինչպես նաև լրացուցիչ ռազմածովային ուժեր տեղակայել Ֆիննական ծոցում: «Բալթիկայի որևէ ոչ միջուկային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի»,-ընդգծել է նա:
«Բանն այն չէ, որ Կալինինգրադի մարզում միջուկային զենք տեղակայվի, դա չափազանց մոտ է հավանական հակառակորդի սահմաններին,-պարզաբանում է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը,-հարցն այն է, որ Շվեդիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Մերձբալթյան երկրները օրինական թիրախներ կդառնան միջուկային զսպման մեր ուժերի համար։ Նախկինում ամենամոտ պետությունները, որոնց վրա մենք կարող էին ուղղել հրթիռները, Լեհաստանն ու Նորվեգիան էին։
Բայց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար այնպիսի սպառնալիք չի ներկայացնում, որքան Ուկրաինայի միանալը դաշինքին։ Ամեն դեպքում Սկանդինավյան երկրներում իշխանության ղեկին շատ ավելի ադեկվատ մարդիկ են։ Եվ նրանց հետ տարածքային վեճեր չկան։ Այնպես որ, ուժերի գլոբալ դասավորությունը հազիվ թե փոխվի»։

Արևելյան թևը

Ռուսաստանին շարունակում են ճնշել նաև մյուս ուղղություններից։ Օրերս Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքը պլանավորում է արևելյան թևում մշտական ռազմական ուժերի լայնածավալ ծավալման պլաններ մշակել՝ «ռուսական ագրեսիային» դիմակայելու համար:
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը գտնվում է «հիմնարար վերափոխման գործընթացում», որը չեզոքացնում է Մոսկվայի գործողությունների «երկարաժամկետ հետևանքները»: Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո արդեն իսկ տասնյակ հազարավոր զինծառայողներ կան։
Ավելի վաղ դաշինքի պետությունների ղեկավարները հաստատել էին միասնականությունը «միջազգային անվտանգության և կայունության հիմքերը քանդելու Ռուսաստանի փորձերին» դիմակայելու հարցում, ինչպես նաև Կրեմլի վրա «համակարգված միջազգային ճնշում գործադրելու» մտադրությունը:
Մեդվեդևը զգուշացրել է` ինչ կլինի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնան
«Ի պատասխան Ռուսաստանի ակտիվության՝ մենք գործարկել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանության ծրագիրը, արձագանքման ուժերի ստորաբաժանումներ ենք ծավալել և մեր արևելյան թևում տեղակայել ենք 40 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմ՝ զգալի ռազմաօդային և ռազմածովային ուժերի և միջոցների հետ միասին, դաշինքի անմիջական հրամանատարության ներքո»,-ասված է համատեղ հայտարարության մեջ: «Մենք նաև չորս լրացուցիչ բազմազգ մարտական խմբեր ենք ստեղծում Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում»:
Հիշեցնենք, որ նմանատիպ խմբեր ձևավորվել են 2016-ին Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում: Յուրաքանչյուրում՝ մոտ հազար սվին։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում զորքերի թիվն ավելացրել է առնվազն տասն անգամ ։

Ավելի շատ փող, ավելի շատ զինվոր

Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները որոշել են ավելի շատ ներդրումներ կատարել սպառազինության մեջ։ Այսպես, Պենտագոնը կծախսի 773 մլրդ դոլար՝ 9,8 տոկոսով ավելի, քան նախատեսել էին։
Բեռլինը ռազմական բյուջեն կավելացնի առնվազն 100 մլրդ եվրոյով. պաշտպանության ծախսերը կգերազանցեն ՀՆԱ-ի երկու տոկոսը։ Գումարը կուղղվի նաև ՌՕՈւ-ի վերազինմանը (մասնավորապես, հնացած Tornado-ի փոխարեն ձեռք կբերվեն ամերիկյան F-35 կործանիչներ):
Լեհաստանը զինված ուժերի թվաքանակը կավելացնի՝ հասցնելով 300 հազար մարդու. երկու անգամ ավելի, քան հիմա է։ Բացի այդ, փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին պատրաստակամություն է հայտնել տեղակայել ԱՄՆ-ի միջուկային զենքը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը այդ նախաձեռնությունը «առանձնահատուկ ցինիկ» է անվանել: Չէ՞ որ ՆԱՏՕ-ն պարբերաբար զգուշացնում է Ռուսաստանին, որ ռազմավարական զսպման միջոցներ չտեղափոխի Բելառուս։
ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, դրա ընդլայնումը չի նպաստի անվտանգությանը Եվրոպայում. Պեսկով
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դաշինքի շատ անդամներ որոշել են թարմացնել սեփական զինանոցները։ Սլովակիան, Չեխիան, Ռումինիան, Լեհաստանը և այլ դաշնակիցներ արձագանքել են Վաշինգտոնի կոչին և Կիևին հին խորհրդային տեխնիկա են ուղարկել:
Որպես պարգև հավատարմության համար Պենտագոնը խոստացել է ավելի ժամանակակից սպառազինություն փոխանցել նրանց: Փորձագետների կարծիքով՝ դա առասպելական շահույթ կբերի ամերիկյան պաշտպանական ընկերություններին. Սպիտակ տունը, ինչպես միշտ, բաց չի թողնում փող աշխատելու հնարավորությունը: