ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը ստորագրահավաք են նախաձեռնել՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանին հանձնելու։
«Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, Արցախը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր անվտանգությունը, Արցախը, այո՛, նաև թասիբի հարց է»,- հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։
Նրա կարծիքով՝ ճիշտ չէ այն տեսակետը, թե Արցախը կամ մեր հայրենիքը մարդկանց չեն հետաքրքրում, պարզապես մարդիկ կաշկանդված են, հոգնած են, նրանց արթնացնել է պետք։
44-օրյա պատերազմի մասնակիցներ Կիրակոսյանն ու Ավագյանն ակնկալում են, որ մարդիկ իրենց գործողություններով կապացուցեն, որ անկախության սերունդ են ներկայացնում։
«Մենք ակնկալում ենք, որ դուք ձեր գործողություններով փաստելու եք, որ դուք անկախության մարդիկ եք, որ դուք ժառանգորդն եք արցախյան պայքարի և վարվում եք դրա հետ որպես ժառանգություն, այսինքն՝ տեր եք կանգնում և հայտարարում եք, որ որպես անկախության սերնդի ներկայացուցիչներ մեզ համար «Արցախն Ադրբեջանի կազմում» կարգավիճակն ընդունելի չէ»,- նշեց Կիրակոսյանը:
Այս կապակցությամբ նա խնդրեց Ազատության հրապարակում գտնվող բոլոր ներկաներին ստորագրել և ուղերձ հղել Հայաստանի իշխանություններին և բոլոր միջազգային մարմիններին, որ հայերը չեն ընդունում Արցախի շահերին հակասող որևէ գործողություն։
44-օրյա պատերազմի մասնակիցներ նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը ապրիլի 17-ից հացադուլ են հայտարարել՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով Հայաստանի իշխանությունների ՝ Արցախի նկատմամբ վարած քաղաքականության դեմ։