Արցախյան հակամարտությունը` մրցակցային հարթակ. ո՞վ է կարևոր դեր խաղալու խնդրի լուծման համար

ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik–ի համար։
Sputnik
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Իր բանակցային գործընկերոջն ու հյուրին ողջունելով` Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծեց, որ երկու պետությունների առաջնորդները մշտական կապի մեջ են։
Ֆորմալ առումով Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նվիրված էր հոբելյանական ամսաթվին։ 30 տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ ԽՍՀՄ փլուզումից և նոր աշխարհաքաղաքական իրողության առաջացումից հետո այս քայլը պարզապես արձանագրային իրադարձություն չէր։ Այն ազդակ հաղորդեց Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային առանձնակի հարաբերությունների ձևավորմանը։
Սակայն Փաշինյանի ապրիլյան այցն ու Նովո–Օգարյովոյում ՌԴ նախագահի հետ անցկացված բանակցությունները առանձնանում են նրանց մշտական շփումներից։ Սա սովորական դիվանագիտական առօրյա չես անվանի։ Այդ դեպքում ո՞րն է հանդիպման բացառիկությունը։ Կարելի՞ է արդյոք խոսել այն մասին, որ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Թե՞ նման գնահատականը չափազանց լավատեսական է։

Պառակտում ԵԱՀԿ ՄԽ–ում

Ցանկացած դիվանագիտական գործողության արդյունավետությունը գնահատելու համար ծայրաստիճան կարևոր է հասկանալ իրավիճակը, որում այն տեղի է ունենում։ Այսօր փորձագիտական հանրության հայացքներն ուղղված են դեպի Ուկրաինա։ Հենց այնտեղ ենք ականատես լինում հետխորհրդային տարածքում վերջին երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցող ամենամասշտաբային ցնցումներին։
Չափազանցություն չի լինի ասել, որ ժամանակին գոյություն ունեցող միասնական միութենական պետության վերակազմավորումը կլինի ուկրաինական տարածքում ՌԴ–ի կողմից իրականացրած ռազմական հատուկ գործողությունների արդյունքում։
Սակայն որքան էլ հզոր լինեն տեկտոնական շարժումները նախկին ԽՍՀՄ–ի եվրոպական հատվածում, լուրջ փոփոխություններ են այսօր տեղի ունենում նաև կովկասյան տարածաշրջանում։ Մինչև 2022 թվականը հայ–ադրբեջանական հակամարտությունը միակ էթնոքաղաքական առճակատումն էր, որի կարգավորման հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ էին փոխգործակցել միմյանց հետ։
Այսօր Կովկասում այլ քամիներ են փչում։ Ապրիլի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ իր գործընկեր Արարատ Միրզոյանի այցի արդյունքներով իրենց համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց, որ ԱՄՆ–ն և Ֆրանսիան հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ–ում համանախագահության ձևաչափում։
Նախարարի խոսքով` Վաշինգտոնն ու Փարիզը «պատրաստ են Ղարաբաղում և ընդհանուր առմամբ Անդրկովկասում զոհաբերել կարգավորման շահերը»։ Այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ նման փոփոխություններից հետո ամբողջ Մինսկի խումբը (ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան միայն նրա համանախագահներն են, այդ կառույցի անդամներն ավելի շատ են) ընդհանուր առմամբ կկարողանա արդյունավետ գործել։ Արևմուտքը Ռուսաստանի հետ մրցակցության մեջ է մտնել Երևանի և Բաքվի միջև երկխոսության առանցքային համակարգող լինելու իրավունքի համար։
Ռուսաստանը կօգնի Հայաստանին նրա ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում. ՌԴ սենատոր

Արցախյան հակամարտության մեջ ո՞վ է խաղում գլխավոր դերը

Միայն Մինսկի խմբով գործը չի սահմանափակվում։ Ապրիլի 6-ին արցախյան կարգավորման մեջ ներգրավված բոլոր փորձագետների և քաղաքական գործիչների հայացքներն ուղղված էին դեպի Բրյուսել։ Այնտեղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացվեցին Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։
Նման ձևաչափով նրանք առաջին անգամը չէ որ շփվում են։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նույն կազմով «միավորված Եվրոպայի» մայրաքաղաքում կայացած հանդիպումն առանձնակի ուշադրության չարժանացավ։ Այդ ժամանակ ԵՄ–ն Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Կրեմլի համակարգման շրջանակներից դուրս բանակցային հարթակ ստեղծեց։ Այդ ժամանակ ո՛չ Միշելը, ո՛չ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ԵՄ–ի գլխավոր ոչ պաշտոնական «քաղաքական ներկայացուցիչը», Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացքում բացահայտ չէին հակադրում եվրոպական խաղաղապահությունը ռուսականին։
Այո, փորձեր արվում էին շեշտը դնել մարդասիրական ասպեկտների վրա (ռազմագերիների խնդրի լուծում), սակայն կարգավորման այնպիսի քաղաքական և իրավական հիմքը, ինչպիսին են Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ստորագրած եռակողմ հայտարարությունները, կասկածի տակ չէին դրվում։
Այդ ժամանակվանից հետո շատ բան փոխվեց։ Շառլ Միշելը հասցրեց դառնալ «Ռուսաստանի զսպման ֆրոնտմեն», Մոսկվայի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կողմնակից։ Նրանից շատ հետ չի մնացել նաև Մակրոնն ու ընդհանուր առմամբ ֆրանսիական դիվանագիտությունը։
Բրյուսելում Եվրախորհրդի նախագահը փորձում էր իրեն ու ԵՄ–ն ներկայացնել որպես «խաղաղության գլխավոր հովանավոր»։ Եվ հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի գաղափարը ներկայացվում էր գրեթե որպես եվրոպական դիվանագիտության գլխավոր ձեռքբերումը։ Մերթընդմերթ տպավորություն էր ստեղծվում, որ Արցախի և սահմանագծման և սահմանազատման խնդիրների լուծման հարցում ռուսական համակարգում, Մոսկվայի ակտիվ ներգրավվում կարծես չի էլ եղել։

Ինչու Արցախում մարտին էսկալացիա սկսվեց

Թեպետ Արցախյան խնդիրն ինքնին կարևոր է նաև առանց Ռուսաստանի և Արևմուտքիաշխարհաքաղաքական մրցակցության։ Եվ այստեղ պետք է հատուկ ընդգծել 2022 թվականի մարտին սկսված արցախյան էսկալացիան։ Ակնհայտ էին Ուկրաինայում ռազմական գործողություններին Մոսկվայի ներգրավվածության ֆոնին «կարմիր գծերի» անցման հնարավորությունները ստուգելու փորձերը։
Հայտնի բրիտանացի կովկասագետ Թոմաս դե Վաալը նույնիսկ փաստեց, որ «Մոսկվան կարծես թե թուլացած խաղացող լինի»։ Թեև նրա ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Սիլաևը արդարացիորեն նշեց, որ նման պատկերացումը վտանգավոր է և ռիսկային իր հետևանքներով։
Ինչևէ, սակայն նման լայնածավալ ցնցումներ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում հավանաբար 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր չեն եղել։ Եվ իհարկե, տեղեկատվական տիրույթում ակտիվորեն սկսեց շահարկվել ռուսական առաքելության արդյունավետության թեման։ Այս թեման շահարկվեց և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Արևմուտքում այս տեսակետին բնականաբար այսօր պատրաստ են ամեն կերպ աջակցել և առաջ մղել։
Այս ֆոնին Մոսկվան պետք է մի քանի կարևոր պահ հաստատեր։ Նախ` հասկացներ, որ որքան էլ Ռուսաստանը ուկրաինական գործերում ներգրավված լինի, չի դադարեցնի միաժամանակյա խաղի աշխարհաքաղաքական սեանսը։ Եվ կովկասյան հարթակն իր համար ոչ պակաս կարևոր առաջնահերթություն է, քան ուկրաինականը կամ մերձարևելյանը։
Երկրորդը` անհրաժեշտ էր հավասարակշռություն հաստատել Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվա այցելեց 2022 թվականի փետրվարին` նույն առիթով` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախաշեմին։ Այցի արդյունքում Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կնքվեց։
Այդ փաստաթուղթը չազատեց բախումներից, որոնք ԼՂ–ում մարտին սկսված էսկալացիայի ժամանակ առաջացան Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև։ Այնուամենայնիվ, հիշելով այն մասին, որ հռչակագիրը ստորագրվեց Ռուսաստանի կողմից ԼԴԺՀ–ի անկախությունը ճանաչելու հաջորդ օրը, ռազմավարական փոխգործակցության պատրաստակամության ցուցադրումը կարևոր էր։

Հայաստան–Ռուսաստան. երկկողմ օրակարգի ընդլայնում

Ինչի հասան Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներն ընդհանուր առմամբ և մասնավորապես Կովկասում սրընթաց փոփոխվող իրավիճակի ֆոնին։ Ուշադրություն դարձնենք, որ Նովո–Օգարյովոյի բանակցություններից հետո Պուտինի և Փաշինյանի համատեղ հայտարարություն հայտնվեց։
Ռուսաստանն արդեն առաջին տարին չէ, որ դաշնակցային (ոչ միայն գործընկերային) համագործակցություն է իրականացնում Հայաստանի հետ, համապատասխան նորմատիվային բազա է մշակված։ Բայց առանց վերջնական փաստաթղթի Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները չավարտվեցին։ Մինչև Փաշինյանի այցը Արցախյան թեման հայտարարվել էր որպես բանակցությունների կենտրոնական թեմա։ Բայց փաստացի բանակցությունների «մենյուն» շատ ավելի բազմազան էր։
Համատեղ հայտարարության մեջ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի հետ մեկտեղ, այնպիսի թեմաներ են բարձրացվել, ինչպիսիք են տնտեսական զարգացումը պատժամիջոցների պայմաններում, կենսաբանական անվտանգության խնդիրները։ Երկկողմ օրակարգի վրա ֆոնային գործոնների ազդեցությունն ակնհայտ է։
Մենք տեսնում ենք, թե ինչպես Մոսկվայի դաշնակիցները կամ ռուսաստանյան ուղղությամբ քաղաքականություն վարող պետությունները հայտնվում են հավաքական Արևմուտքի ճնշման տակ։ Բելառուսն առավել ակնհայտ օրինակ է։ Հեշտ չէ նաև նրանց, ում ազգային տնտեսությունները լրջորեն փոխկապակցված են արևմտյանի հետ։ Այս սպեկտրում են Չինաստանից և Հնդկաստանից մինչև Ղազախստան ընկած պետությունները։
Այս իրավիճակում կարևոր է պահպանել այն ամենը, ինչ մշակվել է Ռուսաստանի հետ, և նոր սառը պատերազմի պայմաններում փորձել Կովկասում դառնալ Ֆինլանդիայի անալոգը։ Այս հարցը առավել հաճախ է սկսել բարձրաձայնվել փորձագիտական բանավեճերում։
Ուկրաինայի ֆոնին արդիական է դարձել նաև կենսալաբորատորիաների և դրանց թափանցիկության խնդիրը։

Մրցակցություն Արցախյան կարգավորման համար

Տարածաշրջանային անվտանգության և աշխարհաքաղաքականության հարցերը նախկինի պես հատուկ հնչողություն ունեն։ Հետաքրքիրն այն է, որ և՛ համատեղ հայտարարության տեքսում, և՛ Ռուսաստանի առաջին դեմքերի ելույթներում կոշտ հակադրում չկա Մոսկվայի ջանքերի և Արևմուտքի գործողությունների միջև։
Չի հերքվում ո՛չ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման, ո՛չ էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի անհրաժեշտությունը։ Հավանաբար Ռուսաստանը զգում է այս թեմաների և՛ ուժը, և՛ կարևորությունը, որոնք անհամեմատելի են նրա հետ, ինչ ունի Շառլ Միշելի թիմը: Պարզ է նաև այն, որ որքան էլ գեղեցիկ պասեր հայերին ուղարկի Ֆրանսիայի նախագահը (հատկապես ընտրական արշավի ժամանակ), Արցախ խաղաղապահներ ոչ՛ ինքը, ո՛չ էլ նրա հնարավոր ընդդիմախոսն ուղարկել չեն կարող։
Այնուամենայնիվ, որքան էլ տրամաբանական թվան ռուսաստանցի դիվանագետների և փորձագետների շարադրումները, իրականությունն այնպիսին է, որ Արցախյան հակամարտությունը մրցակցային հարթակ է դառնում։ Սա «նոր նորմալություն է», սակայն առանց այս փոփոխականի հավասարությունն արդեն չի լուծվում։ Եվ քանի որ այդպես է, շատ կարևոր է առավել ակտիվ յուրացնել տեղեկատվական դաշտը` սեփական օրակարգն առաջարկելով։ Չէ՞ որ որքան էլ Բրյուսելում խոսվի խաղաղության մասին, նախկինի պես առանցքային դեր այդ խաղաղությանը հասնելու հարցում Մոսկվան է խաղալու։
Արդյո՞ք սա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի է դուրս բերում։ Հավանաբար, դեռ վաղ է որևէ առաջանցիկ եզրահանգումներ անել։ Չափազանց կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն։ Դրանք առնվազն համակարգային աշխատանք են պահանջում, այլ ոչ միայն փաստաթղթային արձանագրում։ Եվ այդ հարցում պատասխանատու է իнչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը։ Բայց մեկ բան ակնհայտ է։ Մոսկվան մտադիր չէ թուլացնել երկկողմ (ինչպես նաև բազմակողմանի տարածաշրջանային) օրակարգի առաջմղումը։
Հայաստանն ավելի պատասխանատու և կանխատեսելի գործընկեր է դառնում Ռուսաստանի համար. Արեշև