ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության ազդակներ չեն հղել: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,– ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ գործակցությունից։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԱՄՆ-ի և Եվրամիության ակտիվությունը պատահական չէ։
«Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝ յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)»,– ասել է նա։
Այս համատեքստում Զախարովան վերահաստատել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները հետևողականորեն կյանքի կոչելու ՌԴ անվերապահ հանձնառությունը:
«Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,– եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օգտին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։