ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Տեղեկությունը հայտնում է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիժնի Նովգորոդ» օդանավակայանում նրան դիմավորել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը։ Հայաստանի վարչապետի հանդիպմանը մասնակցել են նաև Նիժնի Նովգորոդի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի ղեկավար Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։
Պլանավորվում է, որ Նիկիտինն ու Փաշինյանը կայցելեն տարածաշրջանի մի շարք օբյեկտներ և աշխատանքային հանդիպում կանցկացնեն։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: